
Ալկոհոլ և միկրոբիոմ. Ի՞նչ է տեղի ունենում մեր ներսում, երբ մենք բարձրացնում ենք բաժակը
Խումհարը (hangover,похмелье) օրգանիզմի սուր թունավորման վիճակ է, որն առաջանում է ալկոհոլի քայքայման արդյունքում գոյացած տոքսինների, մասնավորապես՝ ացետալդեհիդի կուտակումից։ Այն բնորոշվում է օրգանիզմի ուժեղ ջրազրկմամբ, էլեկտրոլիտային հավասարակշռության խախտմամբ և գլխուղեղի անոթների ընդլայնմամբ։
Կենսաքիմիական տեսանկյունից սա «նյութափոխանակության քաոս» է, երբ լյարդը չի հասցնում չեզոքացնել թույները, իսկ արյան մեջ շաքարի մակարդակի անկումն ու բորբոքային պրոցեսները հանգեցնում են ընդհանուր թուլության, ծարավի, գլխացավի և սրտխառնոցի առաջացման։ Այս երեվելի ախտանշանների կողքին, քչերին է հայտնի, որ իրական «խումհարը» տեղի է ունենում մեր աղիքներում, և այն կարող է տևել շաբաթներ։ Ձեր ընդունած ալկոհոլային խմիչքը, իրականում սովորական հեղուկ չէ. այլ «քիմիական ռումբ», որը նետվում է ձեր միկրոբիոմային էկոհամակարգի մեջ և ավելի բարդ է պատկերացնել այդ վիճակը, քան Ամազոնի անտառներում բռնկված հրդեհը։
Ինչո՞ւ է ալկոհոլից հետո լուծ առաջանում
Ալկոհոլի օգտագործումից հետո առաջացող լուծը պարզապես անհարմարություն չէ, այլ ձեր մարսողական համակարգի կարևորագույն մեխանիզմների ժամանակավորապես «անջատում»։ Այս մեխանիզմներն են՝
- Մարսողական ֆերմենտների «կաթված»։ Սննդի յուրացման համար աղիքային սպիտակուցները (ֆերմենտները) պետք է քայքայեն այն: Իսկ ալկոհոլը, լինելով ագրեսիվ նյութ, ժամանակավորապես ընկճում է այդ ֆերմենտների աշխատանքը, որի հետևանքով սնունդը (հատկապես շաքարները) մնում է չմարսված: Այս պատճառով հեղուկը կուտակում է աղիքներում և դառնում լուծի պատճառ:
- Աղիքների պերիստալտիկա։ Ալկոհոլը գրգռում է աղիքների մկանները նպաստելով նրանց ավելի արագ կծկմանը: Արդյունքում՝ մարսողական ուղու պարունակությունը չափազանց արագ է տեղաշարժվում: Օրգանիզմը պարզապես ժամանակ չի ունենում հետ ներծծել ջուրն ու էլեկտրոլիտները և ամբողջ հեղուկը դուրս է մղվում օրգանիզմից լուծի տեսքով:
- Բջջային «պոմպերի» խափանում։ Աղիքի բջիջները ջրի բալանսը պահպանում են հատուկ բջջային «պոմպերի» միջոցով: Ալկոհոլն ու դրա քայքայման արգասիքները թունավորում են այդ բջիջները՝ խաթարելով նրանց աշխատանքը: Արդյունքում այդ բջիջները կորցնում են ջրի հոսքը կառավարելու ունակությունը, ինչը հանգեցնում է աղիքների լրացուցիչ գերհագեցմանը հեղուկով:
Այսպիսով, ալկոհոլային լուծը (diarea) օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է: Քանի որ ֆերմենտները չեն աշխատում, իսկ բջիջները վնասված են, օրգանիզմը միացնում է «ինքնամաքրման» ռեժիմը՝ փորձելով հնարավորինս արագ դուրս հանել տոքսիկ նյութերը: Սա հստակ ազդակ է, որ ձեր աղիքային պաշտպանական շերտը և միկրոբիոմը գտնվում են լուրջ սթրեսի տակ:
Ինչո՞ւ ալկոհոլի հետևանքով միկրոբիոմը դառնում է ագրեսիվ
Մեր աղիքների պատերը պատված են պաշտպանիչ լորձաշերտով (mucus layer), որը ծառայում է որպես մեր օրգանիզմի «ներքին ամրոցի» պարիսպ։ Այն թույլ չի տալիս բակտերիաներին և տոքսիններին անցնել արյան մեջ։
Սակայն ալկոհոլի ազդեցության տակ այս ամրոցը հայտնվում է վտանգի մեջ։ Որոշ հետազոտություններ բացահայտում են մի ուշագրավ երևույթ այն մասին, որ ալկոհոլը ստեղծում է տոքսիկ միջավայր, որտեղ աղիքային բակտերիաները, գոյատևման բնազդից դրդված, սկսում են որպես սնունդ օգտագործել հենց աղիքի պաշտպանիչ լորձաշերտը։
Այս պրոցեսի հետևանքով առաջանում է «արտահոսող աղիքի» (Leaky Gut) համախտանիշը։ Պատնեշը քանդվում է, և բակտերիալ տոքսինները (մասնավորապես՝ LPS-ները) անարգել ներխուժում են արյան հոսքի մեջ՝ տարածվելով ողջ օրգանիզմով և թիրախավորելով լյարդն ու ուղեղը։ Սա բացատրում է, թե ինչու է ալկոհոլի վնասը դուրս գալիս մարսողական համակարգի սահմաններից և վերածվում համակարգային բորբոքման։
Կենսաքիմիական անհավասարություն. Ինչո՞ւ է ալկոհոլն ավելի ագրեսիվ կանանց օրգանիզմում
Ալկոհոլի նկատմամբ կանանց բարձր զգայունությունը միայն քաշի խնդիր չէ. դա մաքուր կենսաքիմիա է: Գլխավոր պատճառը ալկոհոլդեհիդրոգենազ (ADH) ֆերմենտն է, որը պատասխանատու է էթանոլի քայքայման համար:
Կենսաբանական մի շարք առանձնահատկությունների պատճառով ալկոհոլի նույն չափաբաժինը կանանց մոտ առաջացնում է ավելի խորը և տևական բորբոքային գործընթացներ:
- Ֆերմենտների պակաս. Կանանց օրգանիզմը գենետիկորեն ավելի քիչ ADH է արտադրում: Սա նշանակում է, որ ալկոհոլը ստամոքսում և աղիքներում ավելի դանդաղ է չեզոքացվում:
- Երկարատև հարված միկրոբիոմին. Քանի որ ալկոհոլը կնոջ մարսողական համակարգում մնում է ավելի երկար, այն հասցնում է ավելի շատ վնասել օգտակար Lactobacillus բակտերիաները: Այն, ինչ տղամարդու համար թեթև սթրես է, կնոջ միկրոբիոմի համար կարող է վերածվել լուրջ դիսբիոզի:
- Ջրի գործոնը. Կանացի օրգանիզմում ջրի տոկոսն ավելի ցածր է, ինչի հետևանքով ալկոհոլն ավելի քիչ է «նոսրանում» և ավելի բարձր կոնցենտրացիայով է հարվածում օրգաններին:
Գինի՞, թե՞ օղի. Միկրոբիոմի «ընտրությունը»
Ժամանակակից հետազոտությունները միավորվում են մեկ առանցքային թեզի շուրջ. թեև էթանոլն ինքնին տոքսիկ է, խմիչքի տեսակը վճռորոշ նշանակություն ունի միկրոբիոմի հետագա ճակատագրի համար: Այստեղ պայքարը գնում է էթանոլի քայքայիչ ուժի և բույսերից ստացված պաշտպանիչ նյութերի միջև:
Ֆերմենտացված խմիչքներ. Պոլիֆենոլների պաշտպանիչ գործոնը
Բնական խմորման ճանապարհով ստացված խմիչքները, հատկապես կարմիր գինին, պարունակում են բարձր կոնցենտրացիայով պոլիֆենոլներ (ռեսվերատրոլ, անտոցիաններ):
- Պրեբիոտիկ ազդեցություն. Պոլիֆենոլները սնուցում են օգտակար Bifidobacterium և Prevotella շտամները: Սա նպաստում է միկրոբիոմի բազմազանության աճին, ինչը կարող է մասնակիորեն չեզոքացնել ալկոհոլի բացասական հետևանքները:
- Բազմազանության պահպանում. King's College London-ի (2019) հետազոտությունը փաստում է, որ կարմիր գինի նախընտրողների մոտ աղիքային բազմազանությունն ավելի բարձր է, քան այլ խմիչքներ օգտագործողների մոտ:
Թունդ սպիրտային խմիչքներ. Դեզինֆեկցիայի էֆեկտը
Ի հակադրություն գինու, թունդ խմիչքները (օղի, ջին, վիսկի) զուրկ են այս բնական պաշտպանիչ նյութերից: Դրանց ազդեցությունը նման է ագրեսիվ լուծիչի ազդեցությանը.
- Միկրոբիոմի ամայացում. Բարձր տոկոսով էթանոլը գործում է որպես մաքուր դեզինֆեկտանտ՝ բառացիորեն ոչնչացնելով աղիքային նուրբ էկոհամակարգը և «լվանալով» օգտակար միկրոֆլորան:
- Դիսբիոզի առաջացում. Էթանոլի քայքայիչ ուժն իրականացվում է առանց որևէ մեղմացնող գործոնի, ինչն արագորեն հանգեցնում է պաթոգենների աճի և լորձաթաղանթի վնասման:
Ալկոհոլ, դիսբիոզ և քաղցկեղ. Որտե՞ղ է թաքնված վտանգը
Ալկոհոլի և քաղցկեղի կապը դուրս է գալիս սովորական տոքսիկոլոգիայի սահմաններից: Ժամանակակից ուռուցքաբանությունը փաստում է, որ միկրոբիոմի փոփոխությունները հանդիսանում են քաղցկեղածին միջավայրի ձևավորման հիմնական շարժիչ ուժը.
- Տեղային քաղցկեղածինների գեներացիա. Բերանի խոռոչի և աղիքների որոշ բակտերիաներ (օրինակ՝ Streptococcus mutans) օժտված են էթանոլը ացետալդեհիդի վերածելու ունակությամբ: Սա ստեղծում է տոքսիկ նյութերի բարձր կոնցենտրացիա հենց լորձաթաղանթի վրա՝ մեծացնելով բերանի խոռոչի, կերակրափողի և ստամոքսի քաղցկեղի ռիսկը:
- Պատոգենների ակտիվացում. Ալկոհոլի առաջացրած դիսբիոզը խթանում է այնպիսի բակտերիաների աճը, ինչպիսին է Fusobacterium nucleatum-ը: Վերջինս ուղղակիորեն կապված է կոլորեկտալ քաղցկեղի զարգացման հետ՝ ակտիվացնելով բջիջների անկանոն բաժանումը հրահրող բորբոքային ուղիները:
- Էստրոբոլոմ և կրծքագեղձի քաղցկեղ. Միկրոբիոմի խաթարումն ազդում է էստրոգենների մետաբոլիզմի վրա: Դիսբիոզի հետևանքով ակտիվացած ֆերմենտները կարող են բարձրացնել ազատ էստրոգենների մակարդակը արյան մեջ, ինչը հանդիսանում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոն:
- Համակարգային տոքսեմիա. «Արտահոսող աղիքի» միջոցով թափանցող բակտերիալ տոքսինները (LPS) հրահրում են քրոնիկ բորբոքում լյարդում, ինչը ցիրոզից դեպի լյարդի քաղցկեղ անցման հիմնական մեխանիզմն է:
Ինչպե՞ս վերականգնել «ավերված» էկոհամակարգը
Լավ նորությունն այն է, որ միկրոբիոմը կարող է վերածնվել։ Սակայն հարկ է հիշել կենսաբանական ռիթմը. եթե համակարգը քանդելու համար բավական է 2 շաբաթը, ապա լիարժեք վերականգնման համար անհրաժեշտ է առնվազն 8 շաբաթ։
Վերականգնման պլանը ներառում է՝
- Դադար. Առնվազն 4 շաբաթ լիարժեք զսպվածություն ալկոհոլից՝ լորձաթաղանթի վերականգնման և բորբոքային պրոցեսները մարելու համար։
- Սինբիոտիկ թերապիա. Պրոբիոտիկների (օրինակ՝ մասնագիտացված BiomoCare for Men) և պրեբիոտիկների թիրախային համակցություն: Կլինիկական տվյալները փաստում են Bifidobacterium շտամների և ինուլինի արդյունավետությունը։ Սա օգնում է արագ ավելացնել օգտակար միկրոֆլորան և վերականգնել բազմազանությունը։
- Լորձաթաղանթի վերակառուցում. Կոլագենով հարուստ սնունդ և բջջանյութ անհրաժեշտ են միկրոբիոմի նորոգման համար, որպեսզի բակտերիաները դադարեն «ուտել» ձեր սեփական լորձաշերտը։
Եզրակացություն
Մեր միկրոբիոմը միայն բակտերիաների ամբողջություն չէ. այն հավատարիմ պահապան է, որը կանգնած է մեր իմունիտետի, նյութափոխանակության և նույնիսկ հոգեկան առողջության ակունքներում։ Սակայն, ինչպես ցույց տվեցին գիտական տվյալները, այդ պաշտպանական համակարգը անխոցելի չէ։
Ալկոհոլի յուրաքանչյուր չափաբաժին, լինի դա մեկ բաժակ կարմիր գինի, թե թունդ սպիրտային խմիչք, իրականում ընտրություն է՝ օգնել մեր էկոհոմակարգին, թե՞ զինաթափել այն։
Microbiome.am-ը հիշեցնում է՝ ձեր երկարակեցությունն ու կենսունակությունը սկսվում է ձեր միկրոբիոմի հավասարակշռությունից։ Միկրոբիոմի հանդեպ հոգատարությունը երկարաժամկետ ներդրում է ձեր առողջության մեջ։
Microbiome Armenia — Գիտահեն տեղեկություն միկրոբիոմի և առողջության մասին
BiomoCare — Առողջությունը սկսվում է միկրոբիոմից
Գիտական աղբյուրներ
- Le Roy, C. I., et al. (2019). "Red Wine Consumption Associated With Increased Gut Microbiota α-diversity in 3 Independent Cohorts." Gastroenterology.
- Queipo-Ortuño, F. R., et al. (2012). "Influence of red wine polyphenols and ethanol on the gut microbiota ecology and biochemical biomarkers." The American Journal of Clinical Nutrition.
- Marques, C., et al. (2022). "Impact of Beer Consumption on Quality of Life and Gut Microbiota." Journal of Agricultural and Food Chemistry.
- Sears, C. L., & Garrett, W. S. (2014). "Microbes, microbiota, and colon cancer." Cell Host & Microbe.
- Boffetta, P., & Hashibe, M. (2006). "Alcohol and cancer." The Lancet Oncology.
- IARC Working Group (2012). "Personal Habits and Indoor Combustions: Consumption of Alcoholic Beverages." IARC Monographs on the Evaluation of Carcinogenic Risks to Humans.

