Մարդաշատ քաղաքային փողոց՝ քաղաքայնացման և աղիքային միկրոբիոմի կապը։
Միկրոբիոմ և Կենսակերպ

Քաղաքային կյանքը և միկրոբիոմը․ ինչպե՞ս է քաղաքայնացումը փոխում մեր աղիքային առողջությունը

By Microbiome Armenia

Ուրբանիզացիան միայն աշխարհագրական փոփոխություն չէ, այն ամբողջությամբ փոխում է մարդու օրգանիզմի արտաքին և ներքին միջավայրը: Օդի աղտոտվածությունը, մշտական սթրեսը, արագ սնունդը, նստակյաց կյանքն ու քաղաքային աղմուկը այն հիմնական գործոններն են, որոնց հետ ամեն օր բախվում է քաղաքաբնակ մարդը: Սակայն ժամանակակից գիտության ամենահետաքրքիր ու կարևոր բացահայտումներից մեկն այն է, թե ինչպես է այս քաղաքային կենսակերպն ազդում մարդու առողջության հիմքի՝ աղիքային միկրոբիոմի վրա:

Այդ պատճառով ուրբանիզացիայի և միկրոբիոմի փոխկապակցվածությունը դարձել է ժամանակակից բժշկության առանցքային հարցերից մեկը: Քաղաքային կյանքն իրականում փոխում է այն ամենը, ինչն անհրաժեշտ է առողջ մանրէների գոյատևման համար՝ սկսած սննդից ու ֆիզիկական ակտիվությունից, վերջացրած բնության ու հողի հետ անմիջական շփման բացակայությամբ: Բնական միջավայրից մարդու մեկուսացումը օրգանիզմի ներքին էկոհամակարգի վատթարացման պատճառներից մեկն է:

Ուրբանիզացիան փոխում մարդու էկոհամակարգը

Գյուղական միջավայրում մարդն անմիջականորեն շփվում է հողի, կենդանիների ու բույսերի հետ, օգտագործում է սեզոնային սնունդ, բնական մթերքներ և շնչում մաքուր օդ։ Իսկ քաղաքային միջավայրում հիմնականում բացակայում է նման շփումը և դրա փոխարեն ավելանում է վերամշակված սննդի, նստակյաց կյանքի, օդի աղտոտվածության, քրոնիկ սթրեսի և այլ վնասակար գործոնների ազդեցությունը մարդու վրա։

2024 թվականին իրականացված լայնածավալ հետազոտության տվյալները խոսում են քաղաքային և գյուղական համայնքների բնակիչների աղիքային միկրոբիոմների տարբերության մասին։ Ուրբանիզացիան փոխում է ոչ միայն միկրոբիոմի կազմը, այլև բազմազանությունը։

Այս իմաստով, հիմնականում սննդակարգը հանդիսանում է քաղաքային կյանքի բացասական գործոններից մեկը, որտեղ առողջ սնունդը հաճախ փոխարինվում է արագ, հարմարավետ և բարձր կալորիականությամբ սննդով։ Արևմտյան սննդակարգի մոդելը ուղղակիորեն կապված է միկրոբիոմի աղքատացման և մետաբոլիկ խնդիրների աճի հետ։ Ճիշտ է նաև այն կարծիքը, որ քաղաքում բնակվելով հանդերձ, մարդը կարող է պահպանել միկրոբիոմի առողջությունը, իսկ գյուղական միջավայրում՝ ունենալ «քաղաքային» միկրոբիոմ։ Իրականում, դա կախված է մարդու ճիշտ և առողջ սննդակարգի ընտրությունից։

Գյուղական միջավայր, հիվանդություններ և «farm effect»

Գիտական տվյալները ցույց են տալիս, որ քաղաքային և արդյունաբերական միջավայրում ավելի տարածված են՝ ալերգիաները, ասթման ու բորբոքային հիվանդությունները։ Ընդհակառակը, գոյություն ունի մի երևույթ, որը գիտնականներն անվանում են «ֆերմայի էֆեկտ» (farm effect), որի ժամանակ գյուղական միջավայրում մեծացած երեխաների մոտ ասթմայի և ալերգիաների առաջացման վտանգը շատ ավելի ցածր է։ Հետազոտությունները հաստատում են՝ որքան հարուստ ու բազմազան է մեզ շրջապատող մանրէների աշխարհը, այնքան ցածր է ասթմայով հիվանդանալու հավանականությունը։

Որպես օրինակ՝ հայտնի մի հետազոտության մեջ համեմատել են Ամիշների (Amish) և Հութերականների (Hutterite) համայնքները (երկուսն էլ ավանդական կենսակերպով ապրող գյուղական խմբեր են)։ Պարզվել է, որ Ամիշների ավանդական ֆերմերային միջավայրը պաշտպանում է երեխաներին ասթմայից, քանի որ դրականորեն է ազդում նրանց բնածին իմունիտետի վրա։ Սա կարևոր բացահայտում է և ցույց է տալիս, որ գաղտնիքը միայն «մաքուր օդը» կամ «գյուղական կյանքը» չէ, այլ հենց մանրէների տեսակներն ու դրանց ազդեցությունը մեր իմունային համակարգի վրա։

Սա չի նշանակում, որ գյուղում ապրող մարդիկ բացարձակ առողջ են, իսկ քաղաքաբնակները՝ անպայման հիվանդ։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ վաղ տարիքից բնական ու բազմազան մանրէների հետ շփումը դրական է անդրադառնում իմունիտետի վրա։

Աղիքային բորբոքային հիվանդություններ և քաղաքային կյանք

Ուրբանիզացիայի պայմաններում գիտնականնեերին մտահոգում է աղիքային բորբոքային հիվանդությունների աճը (Կրոնի հիվանդություն, խոցային կոլիտ)։ Բազմաթիվ հետազոտությունների ամփոփումը ցույց է տալիս, որ քաղաքային միջավայրում ապրող մարդիկ շատ ավելի հաճախ են բախվում աղիքային այս խնդիրներին։

Գիտական տվյալները հստակորեն փաստում են, որ բնական միջավայրից մեկուսացումը, արևմտյան սննդակարգը, սթրեսն ու ստերիլությունը հանգեցնում են աղիքային միկրոբիոմի աղքատացման, ինչն էլ «ապակողմնորոշում» է մեր իմունային համակարգը՝ դառնալով ալերգիաների, ասթմայի և աղիքային բորբոքային հիվանդությունների աճի հիմնական պատճառներից մեկը:

Այնուամենայնիվ, քաղաքում ապրելը դատավճիռ չէ: Գիտակցված և առողջ սննդակարգի ընտրությունը, հակաբիոտիկների չհիմնավորված օգտագործման նվազեցումը և բնության հետ թեկուզ կարճատև շփումները կարող են օգնել պահպանելու մեր օրգանիզմի ներքին կենսաբազմազանությունն ու առողջությունը նույնիսկ քաղաքներում:

Միկրոբիոմը որպես կապող օղակ

Քաղաքային կյանքը փոխում է մարդու արտաքին միջավայրը, իսկ արտաքին միջավայրը փոխում է միկրոբիոմը, վերջինս էլ ազդում է իմունային համակարգի, բորբոքային պրոցեսների, նյութափոխանակության և աղիքային պատնեշի վրա։

Այսպես կարելի է պատկերացնել շղթան.

Ուրբանիզացիա → բնության հետ շփման նվազում → միկրոբային բազմազանության անկում → իմունային կարգավորման խանգարում → ալերգիկ, բորբոքային և նյութափոխանակության ռիսկերի աճ

Ուրբանիզացիայի ազդեցությունը առողջության վրա։

Ինչպե՞ս է ազդում ուրբանիզացիան՝ մարդու առողջության, աղիքային միկրոբիոմի և քրոնիկ հիվանդությունների վրա։

Ժամանակակից գիտությունը պարզում է, որ առողջությունը միայն գենետիկայի կամ դեղորայքի հարց չէ, այլ նաև էկոլոգիական, թե ինչպիսի՞ միջավայրում է ապրում մարդը, ի՞նչ մանրէների հետ է շփվում, ի՞նչ սննդով է կերակրում իր աղիքային միկրոբներին։

Ինչպե՞ս քաղաքում ապրելով պաշտպանել միկրոբիոմը

Քաղաքային կյանքից ամբողջությամբ փախչելու կարիք չկա։ Նույնիսկ քաղաքի պայմաններում հնարավոր է ստեղծել միկրոբիոմին ավելի բարենպաստ առօրյա՝ մի քանի պարզ, բայց կարևոր սովորությունների միջոցով։

Սնվեք բազմազան։
Տարբեր բանջարեղեններից, մրգերից, ընդեղենից, ամբողջական հացահատիկներից և սերմերից ստացվող բջջանյութը սնունդ է աղիքային օգտակար մանրէների համար։ Որքան բազմազան է բուսական սնունդը, այնքան մեծ է միկրոբիոմի բազմազանությունը պահպանելու հնարավորությունը։

Ավելի հաճախ շփվեք բնության հետ։
Այգում զբոսանքը, հողի հետ շփումը, բացօթյա ակտիվությունը և կանաչ տարածքներում անցկացրած ժամանակը կարող են նպաստել շրջակա միջավայրի մանրէային բազմազանության հետ բնական շփմանը։

Շարժվեք ամեն օր։
Ֆիզիկական ակտիվությունը նպաստում է ոչ միայն նյութափոխանակությանը, այլև աղիքների շարժունակությանը և ընդհանուր աղիքային առողջությանը։

Հակաբիոտիկներն օգտագործեք միայն անհրաժեշտության դեպքում։
Հակաբիոտիկների անհարկի կամ ինքնուրույն օգտագործումը կարող է խաթարել աղիքային միկրոբիոմի հավասարակշռությունը։ Դրանք պետք է ընդունել միայն բժշկական ցուցումով։

Կառավարեք քունն ու սթրեսը։
Աղիք-ուղեղ առանցքը հատկապես զգայուն է քրոնիկ սթրեսի, լարվածության և քնի պակասի նկատմամբ։ Կանոնավոր քունը և վերականգնման ժամանակը կարևոր են նաև միկրոբիոմի համար։

Եզրակացություն

Քաղաքային միջավայրը կարող է աղքատացնել միկրոբիոմը, երբ մարդը կտրվում է բնությունից, սնվում է միօրինակ, քիչ է շարժվում և ապրում է մշտական սթրեսի պայմաններում։

Ուրբանիզացիան փոխել է մարդու կապը բնության և մանրէային աշխարհի հետ, բայց քաղաքային կյանքը ինքնին դատավճիռ չէ միկրոբիոմի համար։ Պետք է գիտակցել, որ քաղաքում նույնիսկ հնարավոր է պահպանել առողջ միկրոբային միջավայր, երբ մեր առօրյա վերադարձնենք, այն ինչ ժամանակակից ապրելակերպը զրկել է մեզ:


Microbiome Armenia — Գիտահեն տեղեկություն միկրոբիոմի և առողջության մասին։

 BiomoCare — Առողջությունը սկսվում է ներսից։


Գիտական աղբյուրներ

  1. Vinogradova, E., et al. (2024). Impact of urbanization on gut microbiome mosaics across geographic and dietary contexts. mSystems, 9(10), e00585-24.
  2. Zuo, T., Kamm, M. A., Colombel, J. F., & Ng, S. C. (2018). Urbanization and the gut microbiota in health and inflammatory bowel disease. Nature Reviews Gastroenterology & Hepatology, 15, 440–452.
  3. Sonnenburg, E. D., & Sonnenburg, J. L. (2019). Vulnerability of the industrialized microbiota. Science, 366(6464), eaaw9255.
  4. Stein, M. M., et al. (2016). Innate Immunity and Asthma Risk in Amish and Hutterite Farm Children. New England Journal of Medicine, 375(5), 411–421.
  5. Ng, S. C., et al. (2017). Worldwide incidence and prevalence of inflammatory bowel disease in the 21st century: a systematic review of population-based studies. The Lancet, 390(10114), 2769–2778.

© 2026 Microbiome Armenia. Բոլոր իրավունքները պաշտպանված են։